ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տավուշապատում Ժ

Տավուշապատում Ժ
12.06.2023 | 17:02

Խորանաշատի վանական համալիրը հայ մշակույթի արծաթեդարյան ժամանակաշրջանի շինարվեստի լավագույն կոթողներից է: Այն գտնվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի (նախկին Տավուշի շրջան) Չինարի գյուղից շուրջ 2,5 կմ հյուսիս արևելք ընկած անտառապատ տափարակում:

Խորանաշատին քաջածանոթ պատմիչ Կիրակոս Գանձակեցին այն տեղորոշել է «հանդէպ Երգեվանից բերդին և ի թիկանց Գարդմանայ», այսինքն` «Երգեվանք բերդի դիմաց և Գարդմանի թիկունքին»:

Հոգևոր նշանակության այս հոյակապ ճարտարապետական կառույցն իր անվանումն ստացել է շատ խորաններ ունենալու պատճառով: Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի ու Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից, դրանցից առաջինին կցված գավթից ու մերձակա` այժմ սոսկ հետքերը մնացած շինություններից:

Իր հռչակավոր վարդապետարանի ու գրչատան շնորհիվ ամբողջ Հայաստանում հայտնի այս վանական համալիրն «ի խամո շինող»-ը միջնադարյան հայոց գիտամշակութային հոգևոր ու հասարակական նշանավոր գործիչ Վանական վարդապետ Տավուշեցին է (1181-1251):

Չնայած Խորանաշատը գտնվել է Մածնաբերդի Կյուրիկյան իշխանության տարածքում` Կյուրիկյանները Վանական վարդապետին չեն աջակցել:

Նրան այս նվիրական գործում եթե ոչ գործուն օգնություն, ապա գոնե բարյացակամ վերաբերմունք են ցույց տվել Մածնաբերդի Կյուրիկյանների գերակա Վահրամ Գագեցի ու նրա որդի Աղբուղա Վահրամյան հզոր իշխանները:

Խորանաշատի համալիրի գլխավոր և ժամանակագրորեն առաջին շինության` Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը Վանական վարդապետը ձեռնամուխ է եղել ամենայն հավանականությամբ 1209 թ.:

Գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող, ներքուստ խաչաձև հատակագծով և բեմի երկու կողմերում տեղադրված կրկնահարկ ավանդատներով այս եկեղեցու շինարարությունը 1222 թ. ավարտված է եղել և այն 1223 թ. գործել է:

Իր նշանակությամբ ու ժամանակագրորեն երկրորդ շինությունը Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից գավիթն է: Այն ուղղանկյուն հատակագծով ու կենտրոնական հորինվածքով չորս սյունանի կառույց է: Նրա արևելակողմում տեղավորված են երկու կրկնահարկ ավանդատներ:

Գավթի շինարարությունը 1229-1236 թթ. հարկադրական դադար է ունեցել: Այդ մասին նշել ենք Տավուշապատում ակնարկաշարի Դ դրվագում (16.03.21):

Երբ Վանական վարդապետը 1236 թ. աշնանը մոնղոլական գերությունից փրկագնվելով ազատվեց և վերադարձավ Խորանաշատ, այն նորոգեց և շարունակեց գավթի կառուցումը` այն ավարտին հասցնելով կյանքի մայրամուտին` 1251թ.: Խորանաշատի վարդապետարանի պարապմունքներն անց են կացվել գավթում:

Սուրբ Կիրակի և Սուրբ Ճգնավոր եկեղեցիները կիսավեր վիճակում են: Դրանցից առաջինը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց մոտ 4 մ. հարավ, իսկ երկրորդը` վանքի պարսպից մոտ 150 մ. արևելք: Այս երկու շինություններն էլ կառուցվել են Վանական վարդապետի կողմից:

Խորանաշատի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քանդակագործական հարդարանքը, Նոր Վարագավանքի համեմատ զուսպ լինելով հանդերձ, գեղարվեստական մեծ արժեք ունի: Այն սերտորեն կապվում է ինչպես աստվածաշնչային, այնպես էլ աշխարհիկ ժողովրդական սյուժեների հետ:

Արտաշես ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Խորանաշատի վարդապետարանի ու գրչատան գործունեությանը ևս անդրադառնալու ենք:

Լուսանկարում՝ Խորանաշատը հյուսիս արևմուտքից, 1935 թ:

Դիտվել է՝ 4341

Մեկնաբանություններ